Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 2018-ի նոյեմբերին: Խաղարկային այս ֆիլմը, ռեժիսորի բնորոշմամբ, բարդ ձևաչափ ունի և առաջին հայացքից փոքր-ինչ անսովոր է: Հիմքում գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի ինքնանկարի ստեղծումն է, հոգևոր աշխարհի ու քրիստոնեական արժեքների արտացոլումը: Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է Մայիս Մխիթարյանի, Ռուբեն Քոչարի և ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, հովանավոր Գրիգոր Մովսիսյանի համագործակցության արդյունքում:
«Իրատեսի» զրուցակիցը ռեժիսոր, սցենարիստ ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐՆ Է:
-Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը: Թե՛ թեմատիկ, թե՛ ժանրային առումով «Ինքնանկարը» կարծես նորություն է:
-Ֆիլմի գաղափարը հուշեցին Մայիս Մխիթարյան նկարիչը, նրա էությունը, նրա նկարչությունը: Սկզբում որոշեցինք վավերագրական ֆիլմ նկարահանել, բայց քանի որ վավերագիրները նրան շատ են անդրադարձել, մի քիչ ավելի վատ կամ ավելի լավ ֆիլմ նկարահանելու փոխարեն նախընտրեցինք գեղարվեստական ժանրը, և ծնվեց ֆիլմի այս ձևաչափը: «Ինքնանկարը» էքսպերիմենտալ ֆիլմ է: Ինձ հորդորում են՝ էլի ֆիլմ նկարահանել՝ անպայման շարունակելով այս ձեռագիրը:
-Մեր հանդիսատեսը պատրա՞ստ է դիտելու նման ֆիլմեր:
-Հանդիսատեսը շատ տարբեր է: Իհարկե, նման ֆիլմերն ունեն իրենց հանդիսատեսը: Սա ֆիլմ է մտածող մարդու համար:
-Ֆիլմը նաև ինչ-որ առումով կտակարանի մեկնություն է: Դա միջոց է բացահայտելու նկարչի՞ն, որը հոգևոր գործեր է ստեղծում, թե՞ հակառակը՝ նկարչի ստեղծած աշխարհի միջոցով ներկայացնելու հոգևոր աշխարհը:
-Երկսայր է այս պատմությունը, դուք շատ ճիշտ նկատեցիք. նկարիչն իր նկարչությամբ, իր էությամբ, փիլիսոփայությամբ, իր ստեղծածով բացահայտում, լրացնում է այդ պատմությունը:
-Եղե՞լ է արձագանք, գնահատական կամ մասնագիտական վերլուծություն:
-Դա շատ ցավոտ հարց է, որովհետև մեզ մոտ քննադատական միտք, որպես այդպիսին, վաղուց չկա: Նախկինում կային կինոյի, թատրոնի տեսաբաններ, որոնց հանդեպ պատկառանք ունեինք, որովհետև նրանց կարծիքը ձևավորում էր արվեստի ողջ դաշտը: Այսօր ծանոթ-բարեկամ համատեքստում են կարծիքներ ինչում, քննադատներն աշխատում են լռել, նրանց արտահայտվելն էլ շատ հարաբերական է: Եթե ինչ-որ բան գրում են, ասում, պարզ տեսնում ես՝ ում պատվերն է, ինչի համար է և ուր է գնում: Բայց իմ շրջապատում կան շատ լուրջ մարդիկ՝ մտավորականներ, որոնց կարծիքը կարևորում եմ: Եթե նրանք հավանություն են տալիս, ես հասկանում եմ, որ այն, ինչ արել եմ, ճիշտ է:
-«Ինքնանկարն» ի՞նչ ժամանակահատվածում է նկարահանվել:
-Նկարահանումները բավականին երկար են տևել: Գրիգոր Մովսիսյանի հետ վճռեցինք չշտապել: Ժամանակ էր պետք, որ ֆիլմը հասունանար: Եվ այդպես երեքիս՝ իմ, Մայիս Մխիթարյանի և Գրիգոր Մովսիսյանի զրույցների, ճանապարհորդությունների արդյունքում ծնվեց այս ֆիլմը: Նկարահանման աշխատանքները տևել են տարի ու կես: Ի վերջո, կոմբինացված նկարահանումներ կային, ինչը հեշտ չէր անել, կադր-կադր մշակում էինք:
-Տարաձայնություններ եղե՞լ են:
-Իհարկե, զրույց-տարաձայնությունների մեջ է ձևավորվում, ծնունդ առնում գաղափարը:
-Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:
-Հոյակապ կազմ է: Այսօր Հայաստանում դերասան ընտրելը շատ դժվար է: Դերասանը պետք է ուենա իր արտահայտվելու տեղը, ձևը, միջավայրը, մինչդեռ շատերը սերիալներում են խաղում, իսկ այնտեղ միջավայր չկա, չես էլ հասկանում՝ ով ով է: Ես դերասաններին ընտրել եմ թատրոններից, նրանցից մի քանիսի հետ նախկինում աշխատել եմ: Բայց շատ վատ է, որ նոր դեմքեր չենք կարողանում գտնել: Չկա այն միջավայրը, ուր կարող ես անծանոթ դերասանին գնահատել։
-Գլխավոր դերակատարը Մայիս Մխիթարյանն է, հե՞շտ էր, թե՞ դժվար նրա հետ աշխատելը: Ի՞նչ բացահայտեցիք իր սեփական դերն ստանձնող նկարչի մեջ:
-Բացահայտեցի, որ նա շատ լուրջ դերասան է (ծիծաղում է- Ա. Ս.), ու դա փրկեց ֆիմը: Հակառակ դեպքում շատ դժվար կլիներ ինձ համար, գուցե ֆիլմը նկարահանելու այլ ճանապարհ ընտրվեր: Ֆիլմը նայելիս շատերին կթվա, որ նրա հագուկապը, կերպարը ֆիլմի համար են ստեղծվել, բայց իրականում այդպես չէ: Նա այդպես է ապրում: Եվ խաղում էր ինքն իրեն:
-Ի՞նչ կասեք Գրիգոր Մովսիսյանի մասին:
-Գրիգոր Մովսիսյանը արվեստի նվիրյալ է: Իմ աշխատանքներն ունեցել են հովանավորներ, բայց Գրիգորն առանձնանում է նրանով, որ միայն լավ գործ է անում, նաև մինչև վերջ հետևողականորեն տեր է կանգնում իր գործին: Եվ, որպես կանոն, մնում է իր արած գործի ստվերում, երբեք չի պարտադրում իր ներկայությունը:
-Փաստորեն, մենք այսօր ունենք մեկենասներ:
-Մեկենասությունը մեծ գումարներ է ենթադրում, կան բարերարներ, որ ներդրում են անում: Ցավոք, նրանց մեծ մասը չի փայլում գրագիտությամբ և հովանավորում է իր ընկալածը։ Դա առաջընթաց չէ։ Բայց երբ հովանավորը գրագետ մարդ է, նրա ընկալածը, նախասիրությունը դառնում են ազգանվեր գործ և խթանում առաջընթացը, ինչպես Գրիգոր Մովսիսյանի դեպքում է:
-Ի՞նչ տվեց այս ֆիլմը:
-Մենք կարողացանք ինչ-որ բան ասել հանրությանը հոգևոր աշխարհի մասին, ու կարծում եմ` ասելիքը բավականին համարձակ, օրիգինալ ու հիմնավորված էր:
-Ի՞նչ ճանապարհ է անցնելու ֆիլմը:
-Հիմնաքարը դրված է, ֆիլմը նկարահանվել է: Հանրությանը հասցնելն էլ մի ուրիշ ճանապարհ է, ուրիշ դժվարություն: Բայց կարծում եմ, որ պատվով կանցնենք, որովհետև սուրբ ու լուրջ գործ ենք ձեռնարկել: «Ինքնանկարը» կներկայացվի հոգևոր փառատոների, բայց ավելի շատ ուզում եմ, որ Սփյուռքում, Արցախում և ՀՀ մարզերում ցուցադրվի: Նաև մեծ հույս ունեմ, որ եկեղեցին իր ծրագրերում կներառի այս ֆիլմի ցուցադրությունը: Ի վերջո, մենք արել ենք ամենակարևորը. երեքով խոսել ենք, իսկ խոսքն արդեն գործ է ու եղելություն։
-Կա՞ն Երվանդ Քոչարին առնչվող ծրագրեր:
-Ծրագրեր կան: Գրիգորն ի սկզբանե ուզում էր Երվանդ Քոչարին նվիրված որևէ միջոցառում հովանավորել, բայց իմ առաջարկով նկարահանեցինք ֆիլմ նկարչի մասին: Հիմա նա հետամուտ է այն մտքին, որ Քոչարի համար պետք է մի բան արվի: Ես առաջարկել եմ ներկայացում բեմադրել, որի հիմքում Երվանդ Քոչարի թատերգությունն է: Օրիգինալ են լինելու և՛ ներկայացումը, և՛ մոտեցումը: Ի վերջո, խոսքը Քոչար դրամատուրգի մասին է, ինչը նորություն է:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ